Դիջիպատում

2013  թվականը  սկսեցի  ավելի  վստահ  քայլերով`  արդեն  հինգերորդ  ամիսն  էր  ինչ  աշխատում  էի  կրթահամալիրում  և  հիմա  փորձում  եմ   հիշել  ու  ամփոփել  անցած  մեկ  տարին ,  հիշողություններս  ու  ձեռքբերումներս  շատ  են  ,  կարևոր  են  բոլորը,  քանզի  ձեռքբերում  են ,  բայց  փորձեմ  առանձնացնել.

Առաջին  հերթին  զգում  եմ,  որ  մեծացել  եմ,   մեծացել  եմ    ոչ  միայն  ,  որ արդեն  23  տարեկան  եմ ,  այլ  մեծացել  եմ  բառիս  ամենալայն  իմաստով:  Կրթահամալիրում  հնարավորություն  ունես  մեծանալու,  աճելու, առաջ  ընթանալու  գիտելիքներով ,  փորձով,   կարևորում եմ  այս  փաստը,  քանզի  յուրաքանչյուրիս  համար  էական  է  անընդհատ  սովորել,  ստեղծագործել,  հետազոտել,  բացահայտել: Կրթահամալիրում  մեծանում ես  յուրաքանչյուր  տարի,  յուրաքանչյուր  ամիս,  ամեն  օր :

Երբ  սկսեցի  վարել  մաթեմատիկայի  ընտրությամբ  գործունեության  դասընթացը,  մտահոգվում  էի,  անհանգստանում   ինչպիսին  են  լինելու  արդյունքները ,  այսօր  համեմատում  եմ , վերագնահատում,   պատմում  եմ  ընկերներիս,  ուրախ  եմ,  թե  ինչպիսի   սովորողներ  ունեմ,  թե  ինչպիսի  սովորողներ  ունենք ,  հանգիստ  եմ,  որովհետև  նրանք  դուրս  են  <<  ստանդարտ >>  կոչվածից:   Հրճվանքով եմ  հեռանում,  երբ  տեսնում  եմ,  թե  ինչպես  են  <<վիճում>> ,  երբ  յուրաքանչյուրն  առաջարկում  է  խնդրի  լուծման  իր  տարբերակը և  հիմնավորում,   երբ     միանգամից  չեն  համաձայնվում  դասընկերոջ   առաջարկած  լուծման  եղանակին,  հարցեր  են  ուղղում,  քննարկում ,  խնդիրներ  են  առաջարկում :  Հիշում  եմ,  թե  ինչպես  են  փայլում  նրանց  աչքերը ,  երբ   զգում են  հայտնաբերման  հրճվանքը,  ուզում են  բղավել, որ  իրենք  գտել են լուծումը,   հետո  հիշում են  ,  որ  չպիտի  բղավեն  և  անհանգստությամբ  ու  ժպիտով  բարձրացնում  ձեռքը:   Իմ  ամենաարժեքավոր  ձեռքբերումը, որ  ես  ունեմ  այսօր:

2013-ին  ինձ  վստահվեց  <<  Կենգուրու>>  մաթեմատիկական  մրցույթի  կազմակերպումը  կրթահամալիրում,  կարևոր  էր  ինձ  համար,  կարևորում եմ հատկապես  մաթեմատիկայի  խմբի   սովորողների  մասնակցությունը ,  կարծում եմ  արդյունքները ևս  ուրախալի  էին,  գոնե  ինձ  համար:

2013-ին  սկսել ենք  մի  քանի  նախագծեր  5-6-րդ  դասարանի  սովորողների  հետ ,  որոնք  այս  տարի  ավարտին  կհասցնենք,  թե  ինչպիսին  պետք  է  լինեն  դրանք`  ահա  իմ  պատկերացումները.  https://zpapoyan.wordpress.com/2013/09/23/%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%A8-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB/

Տարին  հագեցած  էր  նաև   ճամփորդություններով ,  յուրաքանչյուր  ճամփորդությունից   մեծագույն  էներգիա   և   անմոռանալի  տպավորություններ  ես  քեզ  հետ  տանում:

Անելիքները  շատ  են ,  պետք  է  պարզապես  սիրով  և    նվիրվածությամբ  աշխատել :  Շատ  ծրագրեր,  նախագծեր  և  մտքեր  ունեմ,  կխոսեմ  դրանց  մասին  հաջորդ  տարի ,  երբ  իրականացրած  կլինեմ:

Որպես  խնդրանք  նշեմ  այն  մասին, ինչի  շուրջ ես  մտածում եմ  ամեն օր .    մենք  պետք  է  պատասխանատու  լինենք  յուրաքանչյուր  սովորողի  համար, նրանք  մեզ  են վստահված,  և  եթե  կա  թեկուզ  մեկ  սովորող,   ում  չի  հետաքրքրում  մեր  դասը,  դա  պետք  է  մեզնից   յուրաքանչյուրին  մտածելու  տեղիք  տա:

Շնորհակալություն

 

Leave a comment